Կայքը նպատակ ունի դառնալ յուրաքանչյուր քաղաքացու ուղեցույցը պետական մարմինների հետ հարաբերություններում:
Բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով օգտվել հանրային տարատեսակ ծառայություններից, բախվում են մի շարք հարցերի՝ ի՞նչ անել, ո՞ր պետական մարմնին դիմել, ի՞նչ փաստաթղթեր վերցնել, որքա՞ն տուրք վճարել, որքա՞ն սպասել և այդպես շարունակ: Թվում է, թե պարզագույն հարցեր են, սակայն իրականում դրանց պատասխանները գտնելը մեր օրերում չափազանց բարդ է: Այդ հարցերի պատասխանները ստանալու համար գործնականում ստիպված ենք լինում մեծ ջանքեր գործադրել՝ հարցնում ենք մեր ծանոթներին, փորձում ենք զանգահարել պետական մարմինների հեռախոսահամարներով, որոնել պաշտոնական կայքերում և այլն: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, հաճախ այդպես էլ չենք ստանում մեզ հուզող հարցերի լիարժեք պատասխանները և ի վերջո ստիպված ենք լինում այցելել պետական մարմին, սպասել հերթում, ծախսել ժամանակ և նյարդեր՝ պարզագույն թվացող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով: Ահա այս իրավիճակը բացառելուն և քաղաքացիների կյանքը թեթևացնելուն է միտված այս կայքի ստեղծումը: Նմանատիպ հարցերի պատասխաններն այսուհետ կկարողանաք գտնել այս կայքում՝ առանց պետական մարմին այցելելու, առանց երկար ժամանակ ծախսելու՝ ընդամենը մեկ-երկու կոճակ սեղմելու միջոցով: Կայքը հատուկ նախագծված է այնպես, որ դրանից օգտվելը լինի չափազանց պարզ և մատչելի, որպեսզի ցանկացած քաղաքացի, անկախ համացանցից օգտվելու ունակություններից, կարողանա ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը: Կայքից օգտվելու համար չի պահանջվում ո՛չ գրանցում, ո՛չ անձնական տվյալների մուտքագրում, ո՛չ հավելյալ այլ ընթացակարգեր: Ընդ որում, կայքը լիովին անվճար է, և այս առումով ևս հարմարեցված է սովորական քաղաքացու ակնկալիքներին:
Շնորհակալություն մեր կայքից օգտվելու համար: